Համաճարակից հետո #2

Ի՞նչ ենք անելու առաջին հերթին

Հոդվածի առաջին մասը այստեղ։

Ամբողջ աշխարհում գործարարները փորձում են կանխատեսել, թե համաճարակի ավարտից հետո հատկապես որ ծառայություններն են պահանջված լինելու սպառողների կողմից։ Առաջին հայացքից տնտեսական ակտիվությունը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան մինչև համաճարակի տարածումը. մարդիկ, հնարավոր է, սկսեն իրականացնել հետաձգված պլանները, իսկ երկար ժամանակ սպառման հնարավորություն չունենալու պատճառով առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները գուցե ավելի բարձր օգտակարություն ունենան սպառողների համար, քան նախկինում։ Այսպես, համաճարակի ավարտից հետո կարելի է սպասել տուրիզմի աշխուժացում, մարզասրահները կրկին կդառնան մարդաշատ, մարդիկ կգնան կինոթատրոններ՝ նայելու ֆիլմերը, որոնց պրեմիերան հետաձգվել էր պանդեմիայի պատճառով։ Փաստորեն, սպասվում է, որ երբ մարդիկ հնարավորություն ստանան բավարարելու կուտակված պահանջմունքները, շուկայում որոշ ապրանքների ու ծառայությունների նկատմամբ հսկայական պահանջարկ կառաջանա։ 

Մյուս կողմից, բազմաթիվ փորձագետների կարծիքով, համաճարակի հետևանքով սպառողների գնողունակությունը նվազելու է, իսկ եթե նույնիսկ չնվազի, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը ստիպելու է շատերին ավելի շատ խնայել, քան ծախսել։ Հայաստանում ևս համաճարակը կարող է սպառողական վարքագծի վրա մեծ ազդեցություն թողնել։ Այժմ մարդիկ ավելի քիչ են գնումներ կատարում, այդ թվում՝ փոխառու միջոցներով։ Մշտապես վարկային պարտավորություններ ունեցող մարդիկ հնարավոր է փոխեն խոշոր գնումներ կատարելու իրենց պարադիգմը՝ օգտագործելով ոչ թե վարկով ներգրավված միջոցները, այլ՝ կուտակված խնայողությունները, ինչը ժամանակի առումով պակաս արդյունավետ է, բայց տոկոսներ վճարելու անհրաժեշտության բացակայության տեսանկյունից ավելի շահավետ է։

Քանի որ պահանջարկը վճարունակ պահանջմունքն է, ապա վճարունակության նվազման հետևանքով կարելի է ակնկալել ցանկացած տեսակի ոչ առաջնային ծառայության կամ ապրանքի նկատմամբ պահանջարկի անկում, որքան էլ այդ ապրանքների օգտակար հատկանիշների նկատմամբ պահանջմունքը մեծանա։ Իսկ սա նշանակում է, որ մարդիկ ավելի մոտիվացված են դառնալու, հետևաբար՝ ավելի գործունյա ու ստեղծարար։

Ընդհանրապես ցանկացած ճգնաժամային իրավիճակ՝ լինի համաճարակ, թե պատերազմ, բազմաթիվ աղետների հետ մեկտեղ նաև նոր դռներ է բացում։ Պենիցիլինը և բազմաթիվ դեղեր ու բուժման եղանակներ հայտնաբերվել են պատերազմների ժամանակ։ Գիտատեխնիկական ցանկացած առաջընթացի նախորդել են խոշոր տնտեսական ճգնաժամեր, որոնք ասես անտեսանելի ձեռքեր լինեին՝ մարդկությանը զարգացման որևէ վեկտոր ցույց տվող։

Գլոբալ առումով այս ճգնաժամից հետո զարգանալու են այն ոլորտները, որոնք հիմա բոլորի ուշադրության կենտրոնում են, և առաջին հերթին՝ բիոինժեներիան։ Ինչպես ցանկացած բեկումնային պահի, այնպես էլ հիմա մարդիկ վերաարժևորում են իրենց վերաբերմունքը կյանքի, աշխատանքի և ապագայի նկատմամբ։ Փոխվում են նրանց առաջնահերթությունները։ Գործարարները հասկանում են, որ իրենց տեխնոլոգիաները, նոու-հաուները և կապիտալը ոչինչ չարժեն, քանի դեռ իրենց աշխատակիցների և սպառողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները մնում են ձեռնարկատիրական գործունեության ամենամեծ ռիսկերից մեկը։ Նույնիսկ ռոբոտացման բարձր մակարդակ ունեցող ավտոմեքենաշինական ձեռնարկությունները, եթե անգամ չեն տուժում աշխատուժի ներգրավման սահմանափակումների հետևանքով, վնասներ են կրում զուտ այն պատճառով, որ սպառողները չեն կարող հասնել իրենց արտադրանքի վաճառքի կետեր։

Արդեն հիմա խոշոր կորպորացիաները հսկայական ներդրումներ են անում նոր տիպի կորոնավիրուսի պատվաստանյութով զբաղվող գիտահետազոտական ընկերությունների կապիտալում։ Եվ այդ ներդրումները ոչ թե շահույթ հետապնդելու, այլ սոցիալական պատասխանատվության դրսևորում են։ Առաջիկա տասնամյակում մարդն ու նրա առողջությունը հայտնվելու են պետությունների ու կորպորացիաների ուշադրության կենտրոնում, և գիտատեխնիկական հեղափոխության հենարանը լինելու է բիոինժեներիան։ Ուստի հեռու չէ այն ժամանակը, երբ կհայտնվեն նանոտպիչներ, որոնք կտպեն և՛ հակամարմիններ՝ վիրուսների դեմ պայքարելու համար, և՛ վիրուսներ՝ մեր գենետիկ շղթայում առկա վնասակար գենոմի դեմ պայքարելու համար։

 

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։