Մենք բոլորս էլ մեդիա ենք

Մեդիայի դերը մարգինալ իրավիճակներում ձեռք է բերում առավել մեծ կարևորություն, քանզի տեղեկությունն ու տեղեկացվածությունը դարձել են կենսականորեն անհրաժեշտ մի բան, ճիշտ՝ ջրի նման, և հազարավոր մարդիկ այժմ առավել քան երբևէ կապված/կախված են հատկապես համացանցից ու հեռուստատեսությունից:

Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, և երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ գրեթե բոլոր իրադարձությունները, անկախ կարևորությունից, հետաձգվում են, ինչն էլ հանգեցնում է մեդիայում թեմաների քաղցի: Հեռուստատեսությունն այսօր կանգնած է եթերաժամանակը լցնելու խնդրի առաջ, և անգամ սպորտային ու մշակութային լուրերը պտտվում են կորոնավիրուսի շուրջ։ Ի՛նչ խոսք, դա ճնշող և հոգնեցնող է:

Համացանցում, իմ տպավորությամբ, քաոս է: Թերևս առավելապես վերջինիս շնորհիվ բոլորս, անկախ մասնագիտությունից, սեփական նախաձեռնությամբ կամ էլ՝ ոչ, դառնում ենք ինֆորմացիայի աղբյուր. մենք բոլորս էլ մեդիա ենք: Վերջին օրերին ստեղծվում է տպավորություն, որ մեր հասարակության մեծ մասը համաճարակաբան, քաղաքագետ, վերլուծաբան ու բժիշկ է. յուրաքանչյուրն իր պարտքն է համարում խոսել հարցերից, որոնցից քչից-շատից հասկանում է՝ վստահաբար կարծելով, թե իր տեսակետն ամենաճիշտն ու առաջնայինն է բոլորի համար: Ակտիվորեն քննարկում են, քննադատում, օրինակ, մեկուսացման որոշումը։ Մի խումբը վիրավորական, հայհոյախառն  արտահայտություններով մեղադրում ու վարկաբեկում է Իտալիայից ժամանած և կորոնավիրուսը Հայաստան «ներմուծած» կնոջը, մեկ այլ խումբ էլ՝ ակտիվ տարածողների բանակը, share է անում աչքով ընկած ամեն պատահած նյութ, նորություն, բամբասանք:

Ի՞նչն է նման օրերին առավել կարևոր. հետևել, որ ոչ մի դեպքում չլինի չճշտված տեղեկությունների տարածում:  Մի պահ մի կողմ թողնենք մերօրյա լրագրողների աշխատանքը, լճացած կայքերն ու քաղաքական ուժերին ծառայող հեռուստաալիքները. մի՞թե 21-րդ դարի մարդն ի զորու չէ պաշտպանել սեփական ես-ը մանիպուլյացիաներից ու բացասական հետևանք առաջացնող ինֆորմացիայից: Ի վերջո բացասականի անդադար «ընդունումն» առաջացնում է դեստրուկտիվ էսթետիկա, և մարդիկ անգիտակցաբար սկսում են փնտրել ու կախում ունենալ, ենթագիտակցական խոր մակարդակում հաճույք ստանալ ոչ ընդունելի երևույթներից։ Մարդիկ այսօր ամեն տեղ փնտրում են լուրեր կորոնավիրուսով վարակվածների և դրանից մահացածների մասին, և շատերի մոտ դա պարզապես ինֆորմացված լինելու ցանկություն չէ: 

Բանական մարդը պետք է որ կարողանա որոշակիորեն կառավարել այն, ինչ ընդունում է իր օրգանիզմն ամեն իմաստով, նույնիսկ՝ ինֆորմացիան. այն հզոր զենք է՝ և՛ դրական, և՛ բացասական իմաստով, կա՛մ կլինի քո ձեռքում, կա՛մ կուղղվի քո դեմ՝ այլոց կողմից կիրառված մանիպուլյացիայի տեսքով:

Եվ ուրեմն՝

  • Մուտք մի՛ գործեք կասկածելի կայքեր. հավանականությունը, որ «փիփերթ.էյէմ»-ը կտրամադրի ճշտված ու արժանահավատ տեղեկություններ հատկապես այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են առողջապահությունը, քաղաքականությունը և արդարադատությունը, մոտ է 0-ի:
  • Առհասարակ մի՛ բացեք այնպիսի նյութեր, որոնք վերնագրում պարունակում են «շոկ», «միայն տեսնեք, թե…», «նյարդերից թույլ մարդկանց մուտքը ցանկալի չէ…» և նմանատիպ այլ արտահայտություններ. դրանք հոգեբանական խայծ են, որոնք ավելի են գրգռում հետաքրքրասիրությունը:
  • Կայքի կամ սոցիալական հարթակում որևէ կայքէջի հրապարակումների կեղծ լինելը բացահայտելուց հետո դադարե՛ք հետևել դրանց. շատերը, օրինակ, ողջ օրը բամբասանքներ/«քոմենթներ» հրապարակող կայքերի փնովմամբ են զբաղվում, բայց միևնույն է, ոչ միայն չեն դադարում հետևել դրանց, այլև ակտիվորեն մասնակցում են նյութերի տակ թեժ քննարկումներին:
  • Մի՛ կարդացեք խուճապ, լարվածություն, ատելություն քարոզող նյութեր և, առավել ևս, մի՛ տարածեք դրանք սոցիալական հարթակներում:
  • Զե՛րծ մնացեք բամբասանքային թեմաների քննարկումներից, մի՛ հրապարակեք տեղեկություն, որը որևէ հստակ աղբյուրով չեք կարող հաստատել, մի՛ վարկաբեկեք մարդկանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից կամ նրանց հանդեպ ունեցած ձեր սուբյեկտիվ վերաբերմունքից. խոսքի ազատությունը չի՛ կարող և երբե՛ք չի ենթադրում ամենաթողություն:
  • Ուշադի՛ր եղեք հղումներին. «հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ…»-ը հիմնականում այնքան էլ հավաստի չէ:
  • Խուսափե՛ք անհայտ ծագման (ֆեյք) օգտատերերի հետ շփումներից, տեղեկատվական հարթակներում մի՛ մեկնաբանեք նրանց գրառումներն ու մի՛ բանավիճեք. կեղծ էջերը հիմնականում ստեղծվում են հատուկ նպատակով և հաճախ զբաղվում եմ սադրանքով և խառնակչությամբ:

Հիշե՛ք, ֆիզիկական առողջությունից զատ, նման օրերին շատ կարևոր է նաև հոգեկան առողջությունը, քանզի եթե մարդն արդեն մատնվել է խուճապի և սեփական օրգանիզմը «տրամադրել» վարակվելու վտանգին, այլ կերպ ասած՝ եթե մարդը «որոշել է» վարակվել, նա անպայման տանը նստած էլ կվարակվի: Ողջ օրը հեռուստատեսությունից ու համացանցից բացասականը «կլանելու» փոխարեն շփվե՛ք ընտանիքի անդամների հետ, ինտելեկտուալ խաղե՛ր խաղացեք, կարդացե՛ք վաղուց գնած, բայց այդպես էլ չընթերցած գրքերը, երգե՛ք, ասես ոչ ոք չի լսում, զբաղվե՛ք այն ամենով, ինչը հետաձգել էիք ժամանակ չունենալու պատճառով, հօգուտ ձեր անձնային աճի ծառայեցրեք «պարտադրված հանգիստը»: Կորոնավիրուսից հետո կյանք կա: )

Հեղինակ՝ Մանե Մինասյան (Բրեվիսի Ադմինիստրատիվ օգնական)

Առո՛ղջ եղեք։