«Արձանագրված» vs. փաստացի իրականություն․ COVID-19

Թեստավորել, մեկուսացնել, բուժել. քանի դեռ պատվաստամիջոց չկա, սա է նոր տիպի կորոնավիրուսի հաղթահարման կամ գոնե համաճարակի տարածումը կասեցնելու միակ գործող բանաձևը։

Այն դեպքում, երբ տարբեր երկրներում գործող տեղաշարժման և տնտեսական ակտիվության սահմանափակումները հիմնականում նման են, թեստավորման քաղաքականությունը բոլոր երկրներում տարբերվում է։ Ավելի արդյունավետ կերպով են գործում նրանք, որոնք կարողանում են  հնարավորինս մեծ թվով վարակակիրների հայտնաբերել և մեկուսացնել։ Վարակակիրներից բացի, մեկուսացվում են նաև նրանց հետ շփում ունեցած անձինք, և այս հարցում նույնպես տարբեր երկրներում կիրառվող մեխանիզմները նույնը չեն։ Հարավային Կորեայում և Սինգապուրում, օրինակ, վարակակիրների հեռախոսների տեղայնացմամբ գծվում են քարտեզներ, որոնց միջոցով հայտնաբերվում են այն մարդիկ, ում ճանապարհները խաչվել են կորոնավիրուսով վարակվածների ճանապարհների հետ։ Երկրների մեծ մասում կոնտակտներին հայտնաբերում են վարակակիրների հետ հարցում անցկացնելու միջոցով, ինչը չի երաշխավորում բոլոր պոտենցիալ վարակվածների հայտնաբերումը: 

Վարակի տարածումը կանխելու այս մեխանիզմում ամենակարևոր օղակը թեստավորումն է։ Դժբախտաբար ոչ բոլոր երկրներն ունեն հնարավորություն թեստավորելու բոլոր կասկածելի հիվանդներին, քանի որ նախ՝ թեստերը էժան չեն, և, բացի այդ, թեստավորումը պահանջում է համապատասխան ենթակառուցվածքների՝ լաբորատորիաների, թեստավորման համակարգերի, ինչպես նաև մասնագետների առկայություն։ Նույնիսկ ագրեսիվ թեստավորում իրականացրած այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բահրեյնն ու Իսլանդիան, չեն կարողացել օրվա կտրվածքով բնակչության 1 տոկոսից ավելիին թեստավորել, այն դեպքում, երբ այդ երկրներն ունեն կայացած առողջապահական համակարգեր և բնակչության մեկ շնչի հաշվով համեմատաբար մեծ թվով բժիշկներ, հիվանդանոցներ ու թեստավորման լաբորատորիաներ։ Հետևաբար՝ համատարած թեստավորումը, եթե նույնիսկ ահնար չէ, ծայրահեղ դժվար է։

Գծապատկերներում ներկայացված է երկրների վարկանիշն ըստ իրականացված թեստերի ընդհանուր քանակի, մեկ վարակակրի հաշվով իրականացված թեստերի և մեկ միլիոն բնակչի հաշվով իրականացված թեստերի։

Ինչպես երևում է գծապատկերում, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Հարավային Կորեան և Ռուսաստանը կատարված թեստերի բացարձակ քանակով առաջատար են, ընդ որում՝ եթե առաջին չորս երկրներում թեստավորման ծավալները կապված են վարակի արագ տարածման հետ, ապա Ռուսաստանում դա լայնածավալ կանխարգելիչ միջոցառումների տարրերից մեկն է։ Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ կատարված թեստերի քանակը 4,666 է, որը մոտ 6 անգամ քիչ է գրեթե նույն թվով վարակակիրներ և ընդհանուր բնակչության թվաքանակ ունեցող Լիտվայում իրականացված թեստերի քանակից:

Մեկ վարակվածի հաշվով թեստերի քանակը ցույց է տալիս, թե որքանով զգուշավոր մոտեցում են ցուցաբերում տարբեր երկրներում համաճարակի տարածմանը։ Որքան թիվն ավելի մեծ է, այնքան թեստավորման համար անհրաժեշտ պայմաններն ավելի մեղմ են, այսինքն՝ թեստավորում են ավելի մեծ թվով պոտենցիալ վարակակիրների։ Նեպալում ու Բոթսվանայում ցուցանիշը բարձր է դեռևս փոքր թվով վարակակիրներ լինելու պատճառով: Այս երկրները ագրեսիվ թեստավորման համար միջոցներ չունեն:

Բնակչության միավոր թվի հաշվին ընկնող թեստավորման ծավալն արտացոլում է մի կողմից վիրուսի տարածման արագությունը, մյուս կողմից՝ կանխարգելիչ միջոցառումների ագրեսիվության աստիճանը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ գոյություն ունի կապ թեստավորման ծավալների և հայտնաբերված դեպքերի քանակի միջև։ Ընդ որում՝ այլ փոփոխականների միջոցով իրականացվող ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ թեստավորման ծավալն ավելի շատ է ազդում դեպքերի քանակի վրա, քան հակառակը. չնայած՝ ակնհայտ է, որ որքան ավելի մեծ տարածում է ունենում համաճարակն, այնքան ավելի շատ թեստեր են կատարվում:

Գծապատկերում գծից ներքև գտնվող երկրները պահանջվածից ավելի շատ են թեստավորում, իսկ գծից բարձր գտնվող երկրները՝ պահանջվածից քիչ:

Թեստավորումն, իհարկե, համաճարակի տարածումը կանխելու ներկայում մեզ հասանելի հիմնական գործող միջոցն է։ Այդուհանդերձ, ոչ մի երկիր չի կարող իրականացնել ամբողջական թեստավորում այնպիսի սեղմ ժամկետներում, որ թույլ կտա վստահ լինել, որ մեկ անգամ թեստավորվածները չեն հասցնի վարակվել դեռևս չթեստավորված և չմեկուսացված վարակակիրներից։ Այդ պատճառով մեծ կարևորություն են ստանում համաճարակաբանական հետազոտությունները, հնարավոր վարակվածների շրջանակի բացահայտումը և նրանց թեստավորումը: Այս առումով Հայաստանը դեռևս հետ է մնում երկրների մեծ մասից․ մեր երկրում ընդամենը մի քանի հազար թեստ է իրականացվել, ինչի հետևանքով իրական վարակվածների թիվը կարող է ավելի արագ աճել, քան հաստատված վարակվածների թիվը:

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի Տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։