ԿԱՐԱՆՏԻՆ․

հաջողվե՞ց, թե՞ ձախողվեց

Տարիներ առաջ մեր ընկերությունն իրականացրեց աղբահանության վերաբերյալ հետազոտություն, որը ներառում էր հանրային կարծիքի և վարքի ուսումնասիրություն։ Հետազոտության արդյունքում պարզվեց, որ գրեթե ոչ ոք աղբը, հատկացված վայրերից բացի, այլ տեղերում չի թողնում (համենայն դեպս, հարցվածներն այդպես էին ասում), բայց գրեթե բոլոր հարցվածները ճանաչում էին մարդկանց, ովքեր ժամանակ առ ժամանակ այդպիսի վարք էին դրսևորում։ Որպես փորձառու հետազոտական ընկերություն, մենք գիտեինք, որ այս հարցի անկեղծ պատասխան չենք ստանալու, բայց մեզ հետաքրքրում էր ոչ թե անկեղծությունը, այլ՝ թե հասարակության մեջ որքան ուժեղ է քննադատությունը փողոցում աղբ թողնելու երևույթի նկատմամբ. որքան քիչ մարդ է խոստովանում, որ հասարակության կողմից դատապարտելի գործողություններ է կատարում, այնքան այդ գործողություններն ավելի դատապարտելի կարելի է համարել։

Այժմ բոլորը քննարկում են, թե ինչու կարանտինի միջոցով հնարավոր չեղավ հասնել ակնկալվող արդյունքին, և չկա մեկը, ով թեկուզ մասամբ չմեղադրի հասարակությանը։ Ընդ որում՝ ամեն մեկն առանձին համոզված է կամ փորձում է մյուսներին համոզել, որ ինքը կարանտինի պայմանները չի խախտել՝ ի տարբերություն բնակչության մեծամասնության։ Իհարկե, ոչ բոլորն են խախտումներ արել, բայց խախտումներ չանելու մասին հայտնողներից շատերը, եթե չասենք՝ մեծ մասը, իրականում այս կամ այն կերպ չարաշահել են ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները։ Ծանոթ պատմություն է, չէ՞։ Համենայն դեպս, կարող ենք եզրահանգել, որ մարդիկ կարանտինը կարևոր միջոցառում են համարում և հասկանում են, որ այն խախտելով՝ վտանգում են իրենց և մյուսներին։ Կարանտին խախտելը, ինչպես և աղբը փողոցում նետելը, հասարակության կողմից դատապարտելի արարք է։

Իսկ ձախողվե՞լ է արդյոք կարանտինը։ Այս հարցը չունի ճիշտ կամ սխալ պատասխան, քանի որ ի սկզբանե նշաձողեր չեն սահմանվել։ Իսկ քանի որ չկա համաճարակի դեմ պայքարի համակարգված երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, կարանտինի նպատակները պարզ չեն։ Բայց կարող ենք դրանք ինքնուրույն դուրս բերել։ Բնականաբար սխալ կլիներ ենթադրել, որ կարանտինի միակ ցանկալի հանգուցալուծումը համաճարակը հաղթահարելն է․ դա քչերին է հաջողվել։ Վարակի տարածումը մեղմելը նույնպես կարող է դիտարկվել որպես հնարավոր նպատակ, ինչպես և առողջապահական համակարգը մոբիլիզացնելու համար ժամանակ շահելը։

Ակնհայտ է, որ չենք կարող փաստել համաճարակը հաղթահարելու մասին, բայց անհերքելի է, որ վարակի տարածումը ապրիլին ավելի դանդաղ է եղել, քան կարող էր լինել՝ առանց սահմանափակումների։ Մեր հաշվարկներով՝ առանց կարանտինի՝ ապրիլի վերջին գրանցված դեպքերի թիվը լավագույն դեպքում կհատեր 5,000-ի սահմանը, իսկ վատագույն դեպքում՝ 10,000-ի, ինչը կարճ ժամանակահատվածում բավականին մեծ ճնշում կստեղծեր առողջապահական համակարգի վրա։ Բայց հարց է ծագում, արդյո՞ք ստացված արդյունքը բավարար է մեկուկես ամիս շարունակ տնտեսությունը կաթվածահար արած սահմանափակումները արդյունավետ համարելու համար։

Քանի որ ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ, փորձենք զուգահեռներ տանել և անդրադառնանք այն հաճախ հանդիպող թեզին, ըստ որի՝ «անպատասխանատու ժողովուրդն է մեղավոր կարանտինի տապալման մեջ»։ 

Այն, որ ցանկացած մարդ առաջին հերթին առաջնորդվում է իր շահերով և երկրորդական է համարում կոլեկտիվ շահը, նորություն չէ ու հատուկ է բոլոր հանրույթներին, ոչ միայն հայերին։ Ուստի զարմանալի չէ, որ կարանտինի ժամանակ շատերը նույնիսկ չէին փորձում հրաժարվել իրենց սովորություններից։ Երբ Իրանում հայտարարվեց կարանտին, միլիոնավոր քաղաքացիներ ազատ օրերին շտապեցին այգիներ ու ծովափներ։ Նույն տեսարանը Ռուսաստանում էր, բայց՝ երկու ամիս անց։ Իսպանիայում քաղաքացիները առևտուր անելու պայուսակներով ու ճամպրուկներով դուրս էին գալիս փողոց, որպեսզի ոստիկաններին կարողանան ապացուցել, որ խանութ այցելելու համար են լքել իրենց բնակարանը, իսկ ոստիկանությունն ամեն օր լողափերում դատարկ առևտրական պայուսակներով հազարավոր մարդկանց էր հայտնաբերում ու պարտադրում տուն վերադառնալ։ Արևոտ օրերին Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի այգիները լցվում էին մարդկանցով։ Բոլոր երկրներում նոր մտցված կարանտինը դիտարկվում էր առաջին հերթին որպես հանգստանալու հնարավորություն, և մեծամտություն կլինի համարել, որ մենք այդ հարցում էլ ենք բոլորից տարբերվում։ Մարդիկ անում են այն, ինչը թույլատրվում է կամ գոնե չի պատժվում, և ինչն իրենց որևէ օգուտ է տալիս։ Դրա մասին հավանաբար կռահել էին Հունաստանի իշխանությունները, որոնք ներդրեցին քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու գործուն համակարգ։ Հույները միայն խիստ անհրաժեշտության դեպքում էին փողոց դուրս գալիս, բայց պատճառը ոչ թե նրանց բարձր սոցիալական պատասխանատվությունն էր, այլ տեղաշարժի սահմանափակումների արդյունավետ համակարգի ազդեցությունը։ Արդյունքում՝ Հունաստանը Եվրամիությունում կորոնավիրուսի տարածման դեմ ամենաարդյունավետ պայքար տարած  երկրներից մեկը ճանաչվեց։ Իսպանիայում էլ հասկացան, որ մարդկանց պետք չէ վստահել կոլեկտիվ շահերի պաշտպանության խնդիրը և ստուգում էին, որ առևտրի պատրվակով փողոց դուրս եկողները նախ՝ իրենց տնից հեռու չգնան, երկրորդ՝ գնումներ կատարելու ապացույց ունենան, ինչից հետո այցելությունը լողափեր հասավ զրոյի։ Շատ երկրներում կիրառեցին տեղաշարժման էլեկտրոնային թույլտվություններ, իսկ մեղմ սահմանափակումներով Հարավային Կորեայում թույլատրվում էր շատ բան, բացի առանց դիմակների փողոց դուրս գալուց։

Փաստորեն, եթե նույնիսկ չսխալվենք՝ ասելով, որ «անպատասխանատու ժողովուրդն է մեղավոր» կարանտինի ձախողման մեջ, ապա կսխալվենք, եթե պնդենք, որ միայն մենք ենք անպատասխանատու։ Իսկ քանի որ շատերին հաջողվել է կարանտինն արդյունավետ կերպով իրականացնել, ուրեմն ոչ միայն և ոչ այդքան հասարակության սոցիալական պատասխանատվության ցածր մակարդակով են բացատրվում վարակի տարածման դեմ պայքարի ոչ արդյունավետ միջոցառումները։ Որոշ իմաստով՝ արդյունավետ կարանտինը հենց «անպատասխանատու ժողովրդի» գործոնը զրոյին հավասարեցնելն է։ «Անպատասխանատու հույնը» չկարողացավ տապալել կարանտինը, քանի որ իր գործոնը նվազագույնի էր հասցվել․ Հունաստանի կառավարությունն իր վրա էր վերցրել կարանտինը հաղթահարելու պատասխանատվությունը։ Շարքային հույնն ինքն իր համար տեղաշարժի թերթիկներ չէր լրացնում, այլ հայտնում էր ինչի համար, երբ և ուր է գնում, իսկ մնացածն արդեն իրավապահ մարմինների աշխատանքն էր։

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի Տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։