Տնտեսությո՞ւն, թե՞ մարդկային կյանքեր

Մենք ապրում ենք արագ փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ստիպված ենք հրաժարվել այնպիսի բարիքներից ու իրավունքներից, որոնք մարդկությունը ձեռք է բերել հազարամյակների ընթացքում։ Եվ խոսքը միայն ազատ տեղաշարժման իրավունքի կամ գարեջրատանն ընկերների հետ լավ ժամանց անցկացնելու հնարավորության մասին չէ։ Մենք կորցրել ենք այն, ինչը տասնամյակներ շարունակ ծառայում էր միաժամանակ և՛ որպես զարգացման մոտիվացիա, և՛ որպես ռիսկերի կառավարման հիմնավորում․ մենք կորցրել ենք ապագան կանխատեսելու և պլանավորելու հնարավորությունը։

Փորձագիտական միջավայրում անկանխատեսելի, բայց նշանակալի հետևանքներ ունեցող իրադարձություններն անվանում են «սև կարապ»։ Մեր կարապը թռչուն չէ, և նույնիսկ կենդանի բնության մեջ նրան ընդգրկելը վիճելի է, բայց նրա պատճառով տնտեսագետներն առաջիկա ամիսներին, եթե ոչ տարիներին, չեն կարողանա կանխատեսել, օրինակ, տնտեսական ակտիվությունը, ֆինանսիստները չեն կարողանա դրամավարկային քաղաքականություն մշակել, իսկ մենք այսօր ոչ մի հիմք չունենք՝ վստահ լինելու, որ վաղը կկարողանանք այցելել ատամնաբույժին կամ ներկայանալ աշխատավայր։

Անորոշությունը դժվարացնում է ոչ միայն կանխատեսումներ կատարելու և պլանավորելու գործառույթները, այլ նաև՝ ռիսկերի կառավարումը։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածման համատեքստում այս պահին մեր երկրի վրա դամոկլեսյան սրերի պես կախված են երկու հիմնական ռիսկեր՝ խոր տնտեսական ճգնաժամի և համաճարակի անկառավարելի տարածման վտանգները։ Ընդ որում՝ մեկի դեմ պայքարը բարձրացնում է մյուսի հավանականությունը։ Այո՛, կարանտինը, եթե արդյունավետ կազմակերպվի, կարող է դանդաղեցնել և նույնիսկ կանգնեցնել վարակի տարածումը, բայց միևնույն ժամանակ կարանտինը կանգնեցնում է տնտեսական ակտիվությունը և որքան երկար է տևում, այնքան ավելի ցավալի հետևանքներ է ունենում տնտեսության համար։ Մյուս կողմից՝ սպառման խթանումը և կարանտինի թուլացումը տնտեսության վրա ակնհայտ դրական ազդեցությանը զուգահեռ վարակի տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Եթե ուսումնասիրենք վիճակագրությունը, նոր տիպի կորոնավիրուսն ավելի «հաջողակ» է եղել զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, քանի որ այդտեղ մարդիկ ավելի մոբիլ են, ավելի շատ զբաղմունք ունեն և օրվա կտրվածքով ավելի շատ են շփվում անծանոթների հետ։ Տնտեսության աշխուժությունն այնքան հստակորեն է կորելացվում վարակի տարածման արագության հետ, որ տարբերությունները երևում են նույնիսկ տարածաշրջանային մակարդակում․ այսպես՝ Իտալիայում համաճարակն ավելի աղետալի հետևանքներ ունեցավ արդյունաբերապես զարգացած հյուսիսում, իսկ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ամենազարգացած քաղաք Նյու Յորքում։ Հետևաբար՝ տնտեսության աշխուժացումն ուղեկցվելու է վարակի տարածման արագության բարձրացմամբ։ Այդ տեսանկյունից կարևոր է պահել հավասարակշռությունը և ճիշտ գնահատել տարբեր սցենարների և՛ դրական, և՛ բացասական հետևանքները։

Հայաստանի կառավարության որոշմամբ այս շաբաթվանից կարանտինը թուլացվեց, բայց ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում փոփոխությունները տեղի ունեցան վարակի տարածման արագացման ֆոնին։ Հետևաբար՝ կա՛մ կարանտինի նպատակը վարակի տարածման դանդաղեցումը չէր, այլ, օրինակ, առողջապահական համակարգը մոբիլիզացնելու համար ժամանակ շահելը, կա՛մ էլ կարանտինն անարդյունավետ էր։

Ըստ երևույթին, Հայաստանի ռազմավարությունը հիբրիդային ստացվեց․ բավականին երկարատև կարանտին սահմանվեց, որն իրեն չարդարացրեց, և հիմա պետք է փրկել տնտեսությունը։ Այլ երկրներում «կարանտին, թե տնտեսություն» ընտրությունը կատարվել է համաճարակի տարածման ավելի վաղ փուլերում։ Որոշ երկրներ այդ դիլեմայում ավելի կարևորել են տնտեսությունը (օրինակ՝ Շվեդիան և Բելառուսը, որոնց կառավարությունների հաշվարկներով կարանտինի դեպքում վերահաս տնտեսական ճգնաժամը ավելի մեծ վնասներ կարող է հասցնել, քան համաճարակի դեպքում մարդկային կորուստները), իսկ մյուսները որոշել են նախ սանձել համաճարակը, հետո փրկել տնտեսությունը։ 

Ստորև ներկայացված գրաֆիկներում պատկերված է համաճարակի տարածման համեմատությունը կարանտինային միջոցառումները թուլացրած մի շարք երկրներում։ Համադրելիության համար ներկայացված են հարաբերական թվերը՝ յուրաքանչյուր երկրում տվյալ հնգօրյակում նոր հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը բոլոր դեպքերի մեջ (ցանկացած երկրի համար բոլոր հնգօրյակների ցուցանիշների գումարը 100% է)։

Գրաֆիկներից պարզ է դառնում, որ այլ երկրներում կարանտինը թուլացվել է համաճարակը կամ գոնե դրա առաջին ալիքը հաղթահարելուց հետո, այն էլ՝ ոչ թե միանգամից, այլ մեկ-երկու շաբաթ անց։

Քանի որ մեր երկրում, փաստորեն, վարակի տարածումը զսպելու պատասխանատվությունը դրվել է քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների ուսերին, ապա հիմա առավել քան երբևէ կարևոր է գիտակցել յուրաքանչյուրիս դերը հնարավորինս շատ կյանքեր փրկելու գործում։ Թեև հերոսությունը գովաբանող ժամանակակից մասսայական մշակույթը մեր ենթագիտակցության մեջ որպես մարդկանց կյանքեր փրկելու օրինակներ դաջել է անդունդին մեծ արագությամբ մոտեցող գնացքը կանգնեցնելու կամ մոլորակին մոտեցող աստերոիդը պայթեցնելու տեսարանները, մենք հիմա իսկապես, առանց մեծ ջանքեր գործադրելու, կարող ենք մարդկանց կյանքեր փրկել՝ հնարավորինս քիչ տնից դուրս գալով և հիգիենայի բոլոր կանոններին հետևելով։

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի Տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։