Կարանտինը՝ «երրորդ աչք»

Կորոնավիրուսն իր հետ բերել է մի շարք մարտահրավերներ, որոնց դիմակայելը բավականին բարդ է։ Շատերն են խոսում դժվարությունների մասին, որոնց բախվել են արտակարգ դրության ընթացքում։ Ինչպես բոլորը, մենք էլ փորձում ենք գտնել եղանակներ՝ հնարավորինս հաղթահարելու այս իրավիճակն ու միաժամանակ պահպանելու մեր և մեր շրջապատի առողջությունը։ Որպես ՄՌԿ և կազմակերպության զարգացման ավագ մասնագետ՝ որոշեցի անդրադառնալ նրան, թե ինչ է լինելու «հետո», երբ վերադառնանք մեր «բնականոն գրասենյակային կյանքին»՝ մատնանշելով փոքր թվացող, բայց կարևոր մի քանի խնդիր։

Վերջին երկու ամսվա ընթացքում շատերը սովորեցին աշխատել փափուկ բազմոցին նստած, տնային հարմարավետ հագուստով, գրեթե լռության մեջ, շրջապատված խիստ սահմանափակ քանակությամբ մարդկանցով։ Իսկ երբ վերադառնանք գրասենյակ, բախվելու ենք արդեն գուցե անսովոր դարձած քննարկումների ու զրույցների։ Ինչպե՞ս ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն վերադառնալ նախկին արդյունավետ աշխատելաոճին։ Խնդրի լուծման տարբերակներից կարող է լինել նույն տարածքում համատեղ աշխատանքի կանոնների վերանայումը, եթե նման կանոններ Ընկերությունն ունեցել է, իսկ եթե ոչ, ապա ճիշտ ժամանակն է դրանք ստեղծելու։

Հաջորդ մարտահրավերը, որին գրեթե բոլորս բախվելու ենք՝ բնականոն աշխատանքային ռեժիմին վերադառնալու գործընթացն է։ Ռեժիմ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն առավոտյան ֆիքսված ժամին գրասենյակում լինելը, այլ նաև՝ նախկին առօրյա աշխատանքային տեմպին վերադառնալը․ վերջին ամիսներին սովորական դարձավ ցանկացած ժամի աշխատելը` չպահպանելով աշխատանքային գրաֆիկը և օրական առավելագույն/նվազագույն աշխատանքի չափը։ Քիչ զբաղվածություն ունենալու պատճառով՝ շատերս այդ բացը լրացրինք հավելյալ աշխատանքով` հաշվի չառնելով աշխատանքային ժամերը։ Ժամանակի կառավարումն առաջին հերթին պահանջելու է տոկուն կամք յուրաքանչյուրիցս, իսկ գործիքները բազմաթիվ են՝ սկսած շաբաթական կամ օրական պլանների գրառումից, մինչև մի շարք ծրագրեր/հավելվածներ։

Այս հրապարակման մեջ սահմանափակվեմ՝ անդրադառնալով ևս մի խնդրի, որի մասին գուցե շատ չենք էլ մտածում․ վերադարձ բնականոն հաղորդակցությանը և թիմային նախկին ոգու վերականգնում։ Լինելով մեկուսացած՝ մենք ստիպված էինք շատ ավելի քիչ շփվել մեր թիմակիցների հետ, բայց յուրաքանչյուրս ենք գիտակցում, թե որքան կարևոր է դա աշխատանքն ավելի արդյունավետ և ավելի հաճելի դարձնելու համար։ Այնպես որ, վերականգնում ենք առավոտյան թեյի ու սուրճի շուրջ կարճատև քննարկումներն ու զրույցները՝ անշուշտ պահպանելով վարակի տարածումը կանխարգելելու համար սահմանված կանոնները։

Իհարկե, նշածներս այն բոլոր խնդիրները չեն, որոնց հետ շատերս գուցե արդեն բախվել ենք կամ դեռ բախվելու ենք։ Ինչպես իմ գործընկերն է նշել իր հոդվածում. «Սա վերարժևորելու ժամանակն է», ու գուցե պետք է վերարժևորենք նաև մեր նախկին առօրյան և ադապտացնենք այն նոր իրականությանը։

Հեղինակ՝ Օվսաննա Պապիկյան (Բրեվիսի ՄՌԿ և կազմակերպության զարգացման ավագ մասնագետ)

Առո՛ղջ եղեք։