Կորոնավիրուսային «ցիկլոններ»

Տարբեր մասնագիտական շրջանակներում հաճախ են հնչում կասկածներ, որ երբևէ հնարավոր կլինի ամբողջությամբ հաղթահարել նոր տիպի կորոնավիրուսը, նույնիսկ եթե ապագայում պատվաստանյութ հայտնաբերվի։ Գուցե կորոնավիրուսը դառնա սեզոնային հիվանդություններից մեկը, իսկ պատվաստանյութն էլ, տարբեր գնահատականներով, կարող է ստեղծվել միայն ամիսներ հետո, իսկ ավելի հավանական է՝ ոչ այս տարվա ընթացքում: Որոշ երկրների պատվաստանյութերի փորձարկման ժամանակացույցերում որպես վերջնաժամկետ նշված է 2023 թվականի մարտը:

Պատվաստանյութի հայտնաբերման հնարավորությունը, ինչպես նաև Չինաստանի ու Հարավային Կորեայի դրական փորձն, իհարկե, արդեն իսկ լավ ազդանշաններ են, սակայն, դրանցից բացի, մամուլում երբեմն հանդիպում են ապագայի հանդեպ էլ ավելի մեծ հույս ներշնչող հոդվածներ՝ կորոնավիրուսի տարածման վրա եղանակային պայմանների ազդեցության վերաբերյալ: Ասում են՝ ամռան հետ վարակը կնահանջի։

Մենք փորձեցինք հասկանալ՝ արդյոք գոյություն ունեցող տվյալների հսկայական բազաները թույլ կտան մեզ գիտականորեն հիմնավորել այս թեզը։ Արդյո՞ք եղանակային պայմաններն արդեն որոշակի ազդեցություն ունեցել են վարակի տարածման վրա։ Ի վերջո, հնարավո՞ր է կանխատեսումներ կատարել՝ հիմք ընդունելով եղանակը, թե՞ ոչ։

Ընդհանրապես շնչառական վարակները, որոնք արդեն երկար ժամանակ հանդիպում են մարդկանց մոտ՝ գրիպը, ջրծաղիկը, կարմրուկը, հիմնականում սեզոնային բնույթ ունեն։ Դա պայմանավորված է մի քանի գործոնով․ նախ՝ հյուսիսային կիսագնդում ամռանը, իսկ հարավային կիսագնդում ձմռանն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի բարձր է, ինչի հետևանքով տաք եղանակին մանրէներն ու վարակներն ավելի ցածր կենսունակություն են ցուցաբերում բաց օդում և արևի տակ գտնվող առարկաների վրա։ Բացի այդ, ամռանը սովորաբար խոնավությունն ու օդի ջերմաստիճանն ավելի բարձր են, ինչի հետևանքով վարակների՝ օդով տեղաշարժվելու արագությունը նվազում է, քանի որ դրանք իրենց ճանապարհին հանդիպում են ավելի շատ պատնեշների՝ մանր կաթիլների տեսքով։ Չպետք է մոռանալ նաև այն փաստի մասին, որ ամռանը մենք ավելի բազմազան և վիտամիններով հարուստ սնունդ ենք օգտագործում, մարզվելու ավելի մեծ հնարավորություններ ենք ունենում, ինչն ամրացնում է իմունային համակարգը։ Այս գործոնների շնորհիվ ամռանը մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում, քան ձմռանը։ Բացի այդ, վարակներն ավելի հեշտ են տարածվում փակ տարածքներում, իսկ ձմռանը բնակարանները, աշխատավայրերը և հանրային տրանսպորտն այդքան էլ հաճախ չեն օդափոխվում։ 

Տրամաբանական է հետևություն անել, որ կորոնավիրուսի տարածումն ամռանը թվարկված գործոնների ազդեցությամբ նույնպես պետք է ավելի դանդաղ լինի, և ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Բայց արդյո՞ք եղանակի փոփոխությունն արդեն իսկ որևէ ազդեցություն թողել է համաճարակի տարածման արագության վրա: Շատերի մոտ կարող է հարց ծագել՝ իսկ ինչու էր վարակն այդքան արագ տարածվում Ավստրալիայում և Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ կլիմայական աշունը նոր է սկսվում, կամ ինչու Ռուսաստանում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում վարակը տարածվում է հենց այժմ, երբ  այդ տարածաշրջաններում սկսվել է կլիմայական գարունը, իսկ արաբական երկրներում մեկ ամիս առաջ արդեն համաճարակ էր, երբ առանձին օրերին Դոհայում ու Դուբայում ամառային ջերմաստիճաններ էին գրանցվում։ 

Կորոնավիրուսի վրա եղանակային փոփոխությունների ազդեցությունը դեռևս հիպոթեզ է, որը հնարավոր կլինի հերքել կամ հաստատել մի քանի ամիս հետո, երբ ստացված վիճակագրական տվյալները նշանակալի լինեն։ Սակայն այժմ մեր ձեռքի տակ եղած տվյալներով կարող ենք փորձել մի քանի եզրահանգում անել։

Վերլուծության համար հավաքել ենք մի քանի երկրի և ԱՄՆ նահանգների վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, ինչպես նաև գրանցել ենք եղանակային պայմանները հետազոտվող ժամանակաշրջանի համար (մարտի 1-31)։ ԱՄՆ նահանգներն ընտրվել են, քանի որ այդ երկրում թեստավորումը համեմատաբար մեծ ծավալներով է իրականացվում, և բացահայտվում է դեպքերի հնարավորինս մեծ մասը, ինչը հետազոտության ընթացքում թույլ է տալիս խուսափել մի շարք սխալներից, օրինակ՝ «կենդանի մնացածի համակարգային սխալից» (երբ ընտրանքը պատահական չի լինում, և հետազոտության արդյունքների վրա ազդում են միայն որևէ սկզբունքով ընտրանքում հայտնված օբյեկտները)։ Բացի այդ, ընտրվել են այնպիսի տարածքներ (ԱՄՆ նահանգներ և երկրներ), որտեղ վարակը լայն տարածում ունի, իսկ եղանակային պայմանները ողջ տարածքում շատ չեն տարբերվում (այսպես, մեր ընտրած երկրներում՝ Մալթա, Լյուքսեմբուրգ, Սինգապուր, Բահրեյն, եղանակը գրեթե նույնն է ամբողջ տարածքում, ինչը հնարավորություն է տալիս հաշվի չառնել տարածաշրջանային տարբերությունները)։

Տարբեր գործոնների ազդեցությունը վարակի տարածման արագության վրա դժվար է ուսումնասիրել առաջին հերթին այն պարզ պատճառով, որ վարակվելուց մինչև բացահայտումը որոշակի ժամանակ է անցնում: Նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության գաղտնի շրջանը 2-14 օր է, բայց դեպքերի մեծ մասում այն տևել է մոտ մեկ շաբաթ՝ 5-7 օր: Հենց այդ պատճառով էլ վարակի տարածման արագության վրա եղանակի ազդեցությունն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել, որ տվյալ օրվա ընթացքում բացահայտված նոր վարակակիրներն ամենայն հավանականությամբ վարակվել են մոտ մեկ շաբաթ առաջ, ինչպես երևում է ստորև ներկայացված գծապատկերում: Թեև Նյու Յորքում տեղումներ եղել են հետազոտվող ժամանակաշրջանի 2-րդ և 6-րդ օրերում (հոծ գիծ), սակայն դրանց ազդեցությունը ստուգելու համար պետք է ճշտել տեղումների կապը  համապատասխանաբար 8-րդ և 12-րդ օրերին հայտնաբերված նոր դեպքերի հետ (կետագծեր):

Տվյալները՝ worldometers.info և wunderground.com

Նույնիսկ հավաքված տվյալների մակերեսային վերլուծությունը հուշում է, որ եթե եղանակը որևէ կերպ ազդում է կորոնավիրուսի տարածման վրա, ապա այդ ազդեցությունն այլ գործոնների համեմատ չնչին է: Ստորև ներկայացված գծապատկերում Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում միլիոն շնչի հաշվով վարակակիրների թվի փոփոխությունն է մարտի 18 – ապրիլի 5 ժամանակահատվածում: Ուսումնասիրվող ժամանակահատվածում այս երկու նահանգում եղանակը գրեթե չի տարբերվել, բայց Նյու Յորքում վարակն ավելի արագ է տարածվել:

Տվյալները՝ worldometers.info և wunderground.com

Բնականաբար, պատմականորեն սոցիալ-տնտեսական և մշակութային ամուր կապեր ունեցող երկու նահանգները, որքան էլ փոխկապակցված լինեն, շատ տարբեր են: Նյու Յորք նահանգում է գտնվում ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսը՝ բնակչության բարձր խտությամբ և զարգացած հանրային տրանսպորտային ցանցով, այն դեպքում, երբ Նյու Ջերսի նահանգում նմանատիպ խոշոր քաղաքներ չկան: Այդպիսի մակերեսային համեմատություններն օգտակար են միայն պատկերացում կազմելու համար: Հետազոտության արդյունքների նկատմամբ արդարացված սպասումներ ձևավորելու համար ստորև ներկայացված գծապատկերներում նկարագրվում են հետազոտվող ժամանակաշրջանում Նյու Յորքի եղանակային պայմանները և ամեն օր բացահայտված կորոնավիրուսի նոր դեպքերը:

Նյու-Յորք նահանգում եղանակը և վիրուսի տարածումը
(մարտի 18 - ապրիլի 5)

Տվյալները՝ worldometers.info և wunderground.com

Կրկին՝ եղանակային պայմանների և վարակի տարածման միջև որևէ կապ հնարավոր չէ նկատել, սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ կապեր չկան. վիճակագրական մեթոդներով բացահայտվող կորելացիաներն ավելի լավ են «տեսնում», քան մարդու աչքերը: Պարզենք՝ արդյոք վիճակագրական եղանակներով որևէ բան կկարողանանք գտնել:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում (մարտի 1-31) նշված չորս երկրում (Մալթա, Լյուքսեմբուրգ, Բահրեյն և Սինգապուր) նկատվել են եղանակային պայմանների փոփոխություններ: Եղանակը հատկապես կտրուկ փոխվել է Լյուքսեմբուրգում: Մյուս կողմից՝ Սինգապուրում վարակի տարածումը կանխելու քաղաքականությունը կամ թեստավորման ծավալները չեն փոխվել, չեն փոխվել նաև եղանակային պայմանները, բայց ամսվա ընթացքում վարակակիրների թվի աճ է գրանցվել։ 

Տվյալները՝ worldometers.info և wunderground.com

Վիճակագրական թեստերը ցույց են տալիս, որ եղանակային պայմաններից (օդի միջին ջերմաստիճան, հարաբերական խոնավություն, քամու արագություն) ոչ մեկն այնպիսի մեծ ազդեցություն չի թողնում վարակի տարածման վրա, որ համարվի վիճակագրորեն նշանակալի։ Հատկանշական է, սակայն, որ թեստերը ցույց են տալիս, որ ջերմաստիճանի և կորոնավիրուսի նոր դեպքերի կապը, որքան էլ վիճակագրորեն նշանակալի չլինի, այդուհանդերձ բացասական է. այսինքն՝ ջերմաստիճանի փոփոխությունը, եթե ազդի վարակի տարածման արագության վրա, ապա կազդի հակառակ ուղղությամբ (ջերմաստիճանի բարձրանալն ավելի շուտ կհանգեցնի վարակի տարածման արագության նվազմանը)։

Միջին ջերմաստիճանՔամու արագությունԽոնավություն
Կոռելյացիան ըստ Փիրսոնի (5 օր տարբերություն)-0.0630.066-0.014
Կոռելյացիան ըստ Փիրսոնի (6 օր տարբերություն)-0.0500.0020.086
Կոռելյացիան ըստ Փիրսոնի (7 օր տարբերություն)-0.1560.0850.048
Կոռելյացիան ըստ Փիրսոնի (8 օր տարբերություն)-0.0680.098-0.106

Հատկապես համաճարակային տարածման պայմաններում եղանակային պայմանների՝ վարակի փոխանցելիության վրա ազդեցության բացակայության մասին են վկայում նաև գծապատկերում ներկայացված՝ տարբեր երկրների էքսպոնենցիալ կորերը, որ կրկնում են մեկը մյուսին։ Այդ կորերի տարբեր կետերում եղանակային պայմանները տարբեր են եղել, ինչը կորերի տեսքի վրա ազդեցություն չի ունեցել։ Իհարկե, կորերի տեսքը նաև պայմանավորված է վարակին արձագանքելու հնարավորությունների սահմանափակությամբ, ենթակառուցվածքները համախմբելու առանձնահատկություններով, սակայն, եթե եղանակային պայմանները նշանակալի ազդեցություն թողնեին վարակի տարածման վրա, այդ ազդեցությունը պետք է արտացոլվեր նաև կորերում։

Թեև, Չինաստանից բացի, մյուս երկրներում համաճարակի ակտիվ ժամանակաշրջանը մեծ չէ՝ 1-2 ամիս, այդուհանդերձ վարակի տարածման վրա եղանակի ազդեցության առաջնային եզրակացություններ կարելի է անել․

  1. Եթե նույնիսկ եղանակն ազդեցություն է ունենում վարակի տարածման արագության վրա, ապա մյուս գործոններն ավելի նշանակալի են։
  2. Եղանակի ազդեցությունը հատկապես վարակի էքսպոնենցիալ տարածման դեպքում չնչին է։
  3. Եթե ջերմաստիճանի փոփոխությունն ազդի նոր տիպի կորոնավիրուսի տարածման վրա, ապա կազդի հակառակ ուղղությամբ (ջերմաստիճանի բարձրացումը կբերի տարածման նվազման)։

Հետագայում մենք կվերադառնանք այս հետազոտությանը և կվերանայենք այն, երբ ուսումնասիրվող ժամանակաշրջանն ավելի մեծ լինի, ինչը թույլ կտա վիճակագրորեն ավելի նշանակալի արդյունք ստանալ։ Իսկ մինչև այդ անհրաժեշտ է հետևել հիգիենայի վերաբերյալ ցուցումներին և հնարավորինս քիչ անմիջական շփման մեջ մտնել այլ մարդկանց հետ:

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի Տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։