Կորոնավիրուսային «օրինաչափություններ»

Որևէ անհայտ, դեռևս լավ չուսումնասիրված երևույթի հետ մարդու առաջին հանդիպումը միշտ վտանգներ է պարունակում: Պատմության ընթացքում մարդիկ բազմիցս առնչվել են համաճարակների հետ: Բոլոր դեպքերում վիրուսի հետ առաջին հանդիպումը մարդկության համար քննություն է եղել. քննություն՝ ոչ միայն նոր պայմաններին հարմարվելու և գիտելիք ձեռք բերելու հմտությունների, այլ նաև՝ իմունային համակարգի համար: Դարեր առաջ, երբ եվրոպացիները սկսեցին բնակեցնել Ամերիկա մայրցամաքը, հնդկացիների հետ շփումները վերջիններիս համար ողբերգական հետևանքներ ունեցան: Գրիպի նման մեզ համար սովորական վիրուսներից ամբողջ ցեղեր էին կոտորվում, և միայն երիտասարդներն էին իրենց ճկուն իմունային համակարգով հարմարվում նոր պայմաններին: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք մեր իմունային համակարգը կարող է կայուն պաշտպանական մեխանիզմներ ստեղծել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Գիտնականների կարծիքով՝ ավելի շուտ կարող է, քան ոչ, և այդ պարագայում, եթե պատվաստման հնարավորություն այդպես էլ չլինի, ինչպես բազմաթիվ այլ վիրուսների դեպքում, երկարաժամկետ կտրվածքով մարդկության ամենամեծ վտանգներից մեկը կլինի արդեն սեզոնային հիվանդություն դարձած նոր տիպի կորոնավիրուսը, իսկ ամենամեծ կորցրած հնարավորությունը՝ երիտասարդներին վարակի դեմ իմունային համակարգ ձևավորելու հնարավորությունից զրկելը: Սա էլ է մարդկության զարգացման կողմնակի արդյունքներից մեկը։ Մինչև նոր ժամանակները մարդիկ չէին կարողանում և շատ դեպքերում չէին փորձում կանխել համաճարակների տարածումը: Որպես հետևանք, մարդկանց իմունային համակարգն ավելի ուժեղ էր դառնում, իսկ բնական ընտրության հետևանքով էվոլյուցիան ավելի արագ էր ընթանում: Ժամանակակից մարդը բնությունից այնքան է հեռացել, որ նույնիսկ ամենափոքր գանգատի դեպքում օգտագործում է հակաբիոտիկներ, որոնք իմունային համակարգի առաջին թշնամիներից են: Ի դեպ, զարգացած երկրներում վիրուսի տարածման կայծակնային արագության հիմնական պատճառներից մեկը հենց հակաբիոտիկների չարաշահումն է:

Նոր տիպի կորոնավիրուսը վտանգավոր է առաջին հերթին քիչ ուսումնասիրված լինելու պատճառով: Բժիշկներն ու գիտնականները շարունակաբար վիճում են վիրուսի հարուցած հիվանդությունների բուժման արդյունավետ եղանակների շուրջ, իսկ մարդիկ շարունակում են մահանալ: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում համարյա 5 հազար մարդ է մահացել, իսկ հաջորդ 24 ժամվա ընթացքում մահերի թիվն էլ ավելի մեծ կլինի:

Նոր տիպի կորոնավիրուսը շատ արագ է տարածվում: Նույնիսկ տեղաշարժի սահմանափակման պայմաններում այն շարունակում է փոխանցվել, թեև՝ ավելի դանդաղ, քան, օրինակ, կարմրուկն ու ջրծաղիկը, բայց՝ գրիպի հետ համեմատելի արագությամբ: Արագ փոխանցվելու հետևանքով կարճ ժամանակահատվածում մեծ թվով մարդիկ են հիվանդանում, և առանձին երկրների կամ շրջանների առողջապահական ենթակառուցվածքները սկսում են ընկրկել, ինչի հետևանքով մահացությունն աճում է ուղղակի հիվանդներին համարժեք բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորություն չլինելու պատճառով:

Ինչ վերաբերում է մահացության մակարդակին, ներկայում դրա վերաբերյալ իրարամերժ կարծիքներ ու հաշվարկներ կան: Համաճարակաբանների մեծ մասը հակված է մահացության մակարդակը համարել 1%-ին մոտ: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ տարբեր տարիքային խմբերում կորոնավիրուսից մահացությունը տարբեր է: Ինչպես երևում է գծապատկերում, տարեց մարդիկ ավելի դժվար են դիմակայում վիրուսի հարուցած հիվանդություններին, քան երիտասարդները, իսկ անչափահասների մահվան ելքով դեպքերն ընդհանրապես ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Բացի այդ, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդություններից տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք։ Բոլոր դեպքերում, առողջ մարդիկ ավելի մեծ շանսեր ունեն վիրուսը հաղթահարելու, քան քրոնիկական հիվանդություններ ունեցողները: 

Հետևաբար, որևէ երկրում կորոնավիրուսից մահացության մակարդակի մասին խոսելիս պետք է հիշել, որ հաշվարկված մահացությունը կախված է տվյալ երկրի ժողովրդագրական պատկերից: Զարգացած երկրներում, որտեղ կյանքի միջին տևողությունն ավելի բարձր է, և տարեցների մասնաբաժինը բնակչության մեջ մեծ է, մահացության մակարդակն ավելի բարձր կլինի, քան զարգացող երկրներում, որտեղ մարդիկ չեն ապրում այնքան երկար, որ լինեն նոր տիպի կորոնավիրուսից մաhանալու ռիսկային խմբում:

*Երկրները ռանգավորված են ըստ 1 միլիոն շնչի հաշվով մահացածների թվով զբաղեցրած տեղի (1՝ մահացությամբ աշխարհում 1-ին տեղում, 10-ը՝ 10-րդ և այլն)

**Երկրները ռանգավորված են ըստ կյանքի միջին սպասված տևողության (1՝ կյանքի միջին սպասված տևողությամբ աշխարհում 1-ին տեղում, 10-ը՝ 10-րդ և այլն)

Երկրներում մահացության տարբեր մակարդակի երկրորդ հիմնական պատճառը թեստավորման ծավալների տարբերությունն է: Խնդիրն այն է, որ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունները բոլոր մարդկանց մոտ նույն ընթացքը չեն ունենում: Հիվանդների հիմնական մասը ախտանիշներ ընդհանրապես չի ունենում կամ հիվանդությունը տանում է թեթև։ Սա է պատճառը, որ հիվանդներից շատերը, իսկ որոշ համաճարակաբանների պնդմամբ՝ նրանց մեծ մասը, այդպես էլ չի իմանա, որ կորոնավիրուսի վարակակիր է եղել: Քանի որ մահացության մակարդակը ախտանշված դեպքերի մեջ մահացածների մասնաբաժինն է, դրա մեծությունը կախված է նրանից, թե իրական վարակակիրների որ մասի մոտ է վիրուսը հաստատվում:

Մահացության հաշվարկի երրորդ խնդիրը ժամանակագրությունն արհամարհելն է: Որոշ գիտնականներ մահացությունը հաշվարկելիս հաշվի չեն առնում, որ այսօր մահացածները հիվանդանոց են տեղափոխվել միջինում 10 օր առաջ և վարակվել են դրանից միջինում 6 օր առաջ: Այսօրվա մահերը կարող են արտահայտել 10 օր առաջվա մահացությունը։ Բայց այդ դեպքում պետք է որպես հաշվարկի հիմք վերցնել 10 օր առաջվա նոր դեպքերը: Մաթեմատիկական մոդելավորման մեջ կիրառվող այս մեթոդը կոչվում է տրիանգուլյացիա:

Իհարկե, մարդկության առողջությունն ու կյանքը վտանգելուց բացի, նոր տիպի կորոնավիրուսը նաև այլ արհավիրքներ է բերում: Նույնիսկ համաճարակը հաղթահարելուց հետո պետությունները դեռ երկար ժամանակ մեղմելու են իրենց տնտեսություններին հասցված վնասը: Իսկ այս պահին կարևորագույն խնդիրն առողջ մնալն է: Տանը մնալով՝ դուք փրկում եք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների կյանքը:

Հեղինակ՝ Դավիթ Էվոյան (Բրեվիսի Տվյալների վերլուծաբան)

Առո՛ղջ եղեք։