Մոլորակը կկործանի ոչ թե կորոնավիրուսը, այլ` մարդկային անտարբերությունը

Դեռ շատ վիրուսներ կամ «վիրուսներ» կլինեն` անխուսափելիորեն դառնալով բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ։ Ցավալի է, բայց՝ փաստ։ Ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են մահանում տարբեր պատճառներով՝ սով, պատերազմ, ավտովթար, աղտոտված օդ, ջրի պակաս և այլն, ու այդ բոլոր պատճառների խորքում թաքնված է մարդկային անտարբերությունը։ Այո՛, անտարբերությունը՝ մեծագույն չարիքը մարդկության համար։

Այս օրերին հանդիպում են կարծիքներ, որ «այսպես էլ պետք է լիներ, քանի որ մոլորակը շնչելու կարիք ուներ, հարկավոր էր «թեթևացնել» մոլորակը մարդկանցից»։ Այսպես, նկատվում է առկա անտարբերության աստիճանը՝ «մարդու կյանքը այլևս ոչինչ է» կամ, ինչպես ասում են, «մարդիկ կան, որ ավելորդ բեռ են երկրի համար»։ Այդպես է ընկալվում, քանի դեռ անտարբեր ես։ Իսկ անտարբեր ես, քանի դեռ խնդիրը/վտանգը/վիրուսը անձամբ քեզ կամ քո հարազատներին չի հասել։ Եվ այստեղ ի հայտ է գալիս շատ նուրբ սահմանը՝ անտարբերության և սոցիալական պատասխանատվության։

Այսօրվա անտարբերությունն է ծնում վաղվա դաժան իրականությունը, իսկ երեկվա անտարբերությունն արդեն տեսնում ենք այսօր։ Սա շարունակական և անվերջանալի թվացող երևույթ է։ Նոր տիպի կորոնավիրուսը պատճառ չէ. այն արդյունք ու հետևանք է մեր մարդկային անտարբերության։ Ժամանակը մեզ նորից հիշեցնում է, որ պետք է պատասխանատու լինել մեր քայլերի համար, նաև՝ այն քայլերի, որոնք արվել են բնության, մարդկության ու մոլորակի հանդեպ։ Հիշե՛նք, անտարբերությունը, ինչպես ցանկացած այլ վիրուս, վարակիչ է և ունի շղթայական ազդեցություն։ Եվ հիշենք նաև, որ մարդկային անտարբերության խնդիրը կրկնվելու հատկություն ունի։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ ենթարկվել են այս երևույթի կործանարար ազդեցությանը, և այդուհանդերձ պատմությունը կրկնվում է՝ այլ ձեռագրով, նոր դրսևորումներով։

Արդյո՞ք ձեր հարազատին ասել եք՝ կարևոր ես ինձ համար, կամ քանի՞ անգամ եք հարցրել՝ ինչպես ես՝ իսկապես որպիսությունն իմանալու համար, այլ ոչ՝ որպես ընդունված «մեկնարկային» խոսք։ Քանի՞ անգամ եք խնդրել, որ չծխեն մեքենայում կամ չգցեն ծխախոտի գլանակը փողոցում։ Ե՞րբ եք վերջին անգամ հուզվել կամ լացել իրական կյանքում հանդիպած երևույթից, ոչ թե ֆիլմի կադրից։

Անտարբերություն բնության հանդեպ՝ պլաստմասե իրեր անտառում, գետի մեջ կամ լողափին, շինարարական աշխատանքներ՝ սահմանված կանոնների խախտմամբ, հսկայական գործարաններ ու հանքեր՝ բնապահպանական կանոնները չպահելով, կենդանիների ու բույսերի ոչնչացման պատճառ դառնալով։ Եվ վերջապես՝ անտարբերություն կյանքի հանդեպ՝ մահն արդեն սովորական երևույթ է չկա մարդ, չկա խնդիր։ Ժամանակի հետաքրքիր ընկալում կա, գիտե՞ք. թվում է, թե հավերժ ապրելու ենք․․․ Անտարբերություն ապագայի՞ հանդեպ։

Անտարբերությունն ամենուր է։ Այն սկսվում է անձի մակարդակում, շարունակվում համայնքի մակարդակում, տարածվում հասարակության մակարդակում և հետևանքներ ունենում համամարդկային մակարդակում։ Ինչպե՞ս։ Շատ պարզ և «անմեղ» թվացող դրսևորումներով։ Դիտարկենք կորոնավիրուսի օրինակը։ Եթե ես իմ ձեռքերը չեմ լվանում կամ փռշտալիս բերանս չեմ փակում արմունկով, դա միայն իմ խնդիրը չէ. ես մենակ չեմ ապրում, ես հասարակության մի մասն եմ և ունեմ պատասխանատվության որոշակի շրջանակ։ Եթե ես առողջ եմ կամ կարծում եմ, թե առողջ եմ, դա դեռ չի նշանակում, որ չեմ կարող վնասել մեկ ուրիշին։ Հետևաբար՝ բացառապես անձի մակարդակում թվացող անտարբերությունը (միկրո մակարդակ) բերում է սոցիալական պատասխանատվության պակասի (մեսո մակարդակ), քանի որ ինձնից կարող են վարակվել մարդիկ, ինչն էլ իր հերթին շղթայական կարող է հանգեցնել ավելի մեծ խնդիրների հասարակությունում (մակրո մակարդակ), ինչն էլ գլոբալ առումով տեղի ունեցավ այս վարակի դեպքում, երբ այն վերածվեց համավարակի ողջ երկրագնդում։

Անձի մակարդակում անտարբերությունն ու անպատասխանատվությունը չհաղթահարելու դեպքում այն ավելի է խորանում, երբ չկա քաղաքացիական գիտակցություն ու վարքագիծ։ Առանց երկար-բարակ մտածելու ընդդիմանում ենք ցանկացած ցուցումի՝ կրկին վստահ լինելով, որ խնդիրը մեզ հետ կապ չունի։ Պատճառաբանությունները, արդարացումները, մեղավորները շատ ու տարբեր են։ Բայց ի՞նչն է խանգարում սկսել նրանից, ինչը յուրաքանչյուրիցս է կախված՝ ինքներս մեզնից։ Շատերը ասում են՝ «հիմա ժամանակները փոխվել են, դա իմ գործը չէ», «դա ինձ չի վերաբերում», «ես առողջ եմ, դա իմ խնդիրը չէ» ու արտահայտում նմանատիպ այլ մտքեր, որոնք հատուկ են անտարբեր ու անպատասխանատու մարդուն։

Այս օրերին շատերն են մտածում կյանքի իմաստի մասին, վերագնահատում ու վերարժևորում այն ամենն, ինչ ունեն, ինչ զգացել ու ապրել են, կամ էլ՝ ինչ կարող էին ունենալ, զգալ ու ապրել մինչև օրս։ Ժամանակը բավականին շռայլ նվեր է անում. ստիպում է կտրվել կրկնվող առօրյայից և մտածել։ Օգտագործենք այս հնարավորությունը գրագետ կերպով։

Կյանքը կվերադառնա բնականոն հունին, և, իհարկե, կլինեն որոշ փոփոխություններ՝ մարդիկ կսկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել առողջությանը, առողջ սնունդ օգտագործել, սպորտով զբաղվել, հետևել հիգիենայի կանոններին, պահել ֆիզիկական տարածություն, հատկապես՝ հիվանդներից, այլևս անիմաստ չեն վատնի ժամանակը։ Պետությունները կվերանայեն իրենց վարած քաղաքականությունները, կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջապահական համակարգին ու գիտությանը, կրթել հասարակությանը։ Մարդկությունը դասեր կքաղի, կդառնա մի փոքր ավելի բարի, մի քիչ ավելի պատասխանատու և այլն, և այլն, և այլն։ Իսկ որքա՞ն ժամանակ կպահպանվի այս ամենը։ Ե՞րբ կլինի հաջորդ «սառը ցնցուղը»։ Հարց, որի պատասխանը ոչ ոք հստակ չի կարող տալ։

Ի՞նչ կարող ենք անել մենք հատկապես այս օրերին։ Առնվազն շաբաթը մեկ անգամ մտածել 2 կարևոր հարցի մասին՝ ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք շարունակում անել ինքներս մեզ, մեր շրջապատի, հասարակության և մոլորակի համար, և հատկապես ի՞նչ չենք արել ինքներս մեզ, մեր շրջապատի, հասարակության և մոլորակի համար։

Եվ կրկին հիշենք, որ կորոնավիրուսը մարդկության համար հերթական և ոչ վերջին փորձությունն է, որը ևս մեկ անգամ հիշեցրեց մարդկային անտարբերության ու սոցիալական պատասխանատվության մասին։

Հեղինակ՝ Հասմիկ Առաքելյան (Բրեվիսի Հետազոտությունների բաժնի տնօրեն)

Առո՛ղջ եղեք։